Վինիսիուս ժունիորը` Մադրիդի «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդակիր

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը, որը երկու գոլային փոխանցում է կատարել 2024/2025 թվականների Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ պատասխան խաղում (4-4), դարձել է ակումբի բոլոր ժամանակների ռեկորդակիրը գոլային փոխանցումների քանակով:

24-ամյա բրազիլացին Իսպանիայի գավաթի 25 խաղում արդեն 12 գոլային փոխանցում է կատարել: Սա լավագույն արդյունքն է «սերուցքայինների» և երրորդը՝ մրցաշարի պատմության մեջ։

Մրցաշարի ռեկորդակիրը «Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին է, որն իր ակտիվում ունի 27 գոլային փոխանցում:

Երկրորդ տեղում «Բարսելոնայում» և «Ինտեր Մայամիում» Մեսսիի թիմակից Ժորդի Ալբան է՝ 15 գոլային փոխանցումներով:

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո: