Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հրաժարվել է համաձայնության գալ իսպանացի դատավորների հետ հարկերից խուսափելու գործով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Անչելոտտիին սպառնում է հինգ տարվա ազատազրկում։ Նա մեղադրվում է 2014 և 2015 թվականներին հարկերից խուսափելու մեջ, չորեքշաբթի 65-ամյա մասնագետը ներկայացել է դատարան և հայտնել, որ պատրաստ է ցուցմունք տալ և հրաժարվել է դատավորների հետ գործարքից։
Անչելոտտին «Ռեալը» գլխավորում է 2021 թվականի ամառվանից, մինչ այդ նա մադրիդյան ակումբում աշխատել է 2013-2015 թվականներին։ 65-ամյա իտալացին մարզել է նաև «Էվերթոնը», «Նապոլին», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Չելսին», «Միլանը», «Յուվենտուսը» և «Պարման»։
29 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 63 միավորով երկրորդն է Լա Լիգայում՝ առաջատար «Բարսելոնայից» զիջելով 3 միավորով։