Անգլիական գրանդը սկսել է բանակցությունները Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ

«Չելսին» բանակցություններ է սկսել Բիլբաոյի «Ատլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրում 58 միլիոն եվրոյի չափով կետ կա վաղաժամկետ խզման համար: Ընդգծվում է, որ Ուիլյամսի պոտենցիալ տեղափոխությունը լոնդոնյան ակումբ կարող է բարդանալ, եթե լոնդոնյան թիմը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճի, քանի որ հարձակվողը ցանկանում է հանդես գալ ամենահեղինակավոր մրցաշարերում։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։