«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը իրականացնել

«Մանչեսթեր Սիթին» հույս ուներ տուն բերել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Սակայն «Քաղաքայիններին» հայտնի դարձավ, որ անգլիացին մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Դրանից հետո Անգլիայի գործող չեմպիոնները մերժեցին Բելինգհեմի թեկնածությունն ու անցան մեկ այլ աստղի՝ «Բայերից» Ֆլորիան Վիրցին։

Defensa Central-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» ծրագրում է 150 միլիոն եվրո առաջարկել Վիրցի տրանսֆերի համար։ Գերմանացու տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը «քաղաքայինների» պատմության մեջ։

Ֆլորիան Վիրցի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։