Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 2-ին, պետք է ներկայանա Մադրիդի դատարան՝ հարկերից խուսափելու գործով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը մեղադրվում է 2014 և 2015 թվականներին 1,062,079 եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ. մեղադրող կողմը Անչելոտիի համար 4 տարի 9 ամիս ազատազրկում է պահանջում։
Ընդգծվում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը նախկինում խոստովանել է, որ 2014 թվականին հարկերը պատշաճ չի վճարել՝ նշելով, որ իր օգնականները վատ խորհուրդներ են տվել այս հարցում։ Միևնույն ժամանակ Անչելոտին հերքել է 2015 թվականի վերաբերյալ առաջադրված մեղադրանքները։
Իտալացի մասնագետը նշել է, որ 2015 թվականին դադարեցրել է մարզել Մադրիդի «Ռեալը» և բավական երկար ժամանակ չի գտնվել Իսպանիայում, որպեսզի համապատասխանի հարկային մարմնի չափանիշներին։