«Բարսելոնան» գումար կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր տրանսֆերից

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջած գումարի չափը 60,4 միլիոն եվրոյից բարձրացնել մինչև 83,7 միլիոն եվրոյի։ Դա պայմանավորված է նրանով, որ 25-ամյա խաղացողի տրանսֆերից ստացված գումարի կեսը փոխանցվելու է «Բարսելոնային»։

Նշվում է, որ խաղացողի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը Տրինկաուին համարում է ակումբի տրանսֆերային առաջնահերթ թիրախ։

Հիշեցնենք, որ Տրինկաուն «Սպորտինգին» միացել է «Բարսելոնայից» 2022 թվականի հուլիսին՝ վարձավճարով։ Մեկ տարի անց պորտուգալական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 7 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Տրինկաուն լիսաբոնյան ակումբի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 9 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։