Կառլո Անչելոտտին՝ նախորդ մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ճանաչվել է 2023/2024 մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանում Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» հետ հաղթեց Իսպանիայի առաջնությունը՝ կրելով ընդամենը մեկ պարտություն, ինչպես նաև նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։

Այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 28 խաղում վաստակելով 60 միավոր։

Չեմպիոնների Լիգայում «սերուցքայինները» դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում Անչելոտտիի թիմը կիսաեզրափակիչ առաջին խաղում հաղթել է «Ռեալ-Սոսյեդադին» 1-0 հաշվով։