Հրանտ-Լեոն Ռանոսը արձագանքել է Հայաստանի հավաքականից հեռացվելու որոշմանը

Հայաստանի հավաքականի 21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի որոշմանը։

Հիշեցնենք, որ երեկ հոլանդացի մասնագետը հայտնել էր, որ Ռանոսը հեռացվել է թիմից։ Ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել։ Կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան Հայաստանի հավաքականից։

«Իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը ինձ համար ամենամեծ պատիվն է։

Ես երեկ զրուցել եմ Վան՛տ Սխիպի հետ։ Ցանկանում էի նրան տեղյակ պահել, որ ես պատրաստ եմ, և լիովին մոտիվացված եմ խաղալու ու օգնելու թիմին։

Մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում։ Այդ լուրը ինձ շատ վշտացրեց։ Ցանկանում էի խաղաժամանակ ստանալ, այն ինձ համար շատ կարևոր էր։

Համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին։ Եվ մենք դա միասին որոշեցինք։ Ինձ համար ավելի լավ բան չկա, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը»,- սոցցանցերում գրել է 21-ամյա հայ ֆուտբոլիստը։