«Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը»․ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղին ընդառաջ։

«Սիրելի երկրպագուներ,

Չենք մոռանում, որ այսօր Հանրապետական մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։

Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում։

Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։