Էդգար Թորոսյան. «Երկու խաղերում էլ քիչ գոլեր կգրանցվեն»

PROFFOOTBALL-ը զրուցել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի հետ՝ կապված ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան – Վրաստան հանդիպման հետ:

– Պարոն Թորոսյան, առջևում Հայաստան – Վրաստան հանդիպումն է, ի՞նչ կարծիք ունեք այս հանդիպման վերաբերյալ:

– Այս երկրների դիմակայությունը միշտ էլ հետաքրքիր է եղել: Մեր հավաքականը ունի նոր մարզիչ, այս երկու խաղերը նրան հնարավորություն կտան ճանաչելու մեր ընտրանու ֆուտբոլիստներին: Կարծում եմ կլինեն մարզչի կողմից փորձարկումներ, շատ հետաքրքիր կլինի հետևել, տեսնել, թե ինչ նոր շունչ ու գաղափարներ կլինեն:

Վրաստանի հավաքականը շատ լավ ընտրված մրցակից է, կարծում եմ կտեսնենք երկու շատ դիտարժան հանդիպումներ:

– Ջոն վան՛տ Սխիպը օրեր առաջ հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անուները, ի՞նչ կասեք այդ մասով:

– Այստեղ անակնկալներ չկան, շատ ողջունելի է, որ հավաքական է վերադարձել Տիգրան Բարսեղյանը: Նա շատ լավ մարզավիճակում է, և կարող է շատ օգնել մեր ընտրանուն:

– Ըստ ձեզ՝ ի՞նչ հաշիվ կգրանցվի Հայաստան – Վրաստան երկու խաղերում:

– Շատ բարդ է կանխատեսումներ անել, բայց կարծում եմ, որ քիչ գոլեր կգրանցվեն: 1-0 հաշվով կհաղթենք մեր դաշտում, իսկ մրցակցի հարկի տակ՝ 1-1:

Նշենք, որ Էդգար Թորոսյանը նաև շնորհավորել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականին՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու կապակցությամբ: