Ճանաչողական շրջայց «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզական համալիրում․ (լուսանկարներ 📷)

Այսօր, մարտի 17-ին կայացավ «Նոա» ֆուտբոլային ակումբի կողմից դեպի ակումբի մարզական համալիր կազմակերպված ճանաչողական այցը, որին մասնակցելու հրավեր էին ստացել Հայաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվեցին 2023 թվականի օգոստոսից սկսած ենթակառուցվածքային աշխատանքներն ու արդեն իրականություն դարձած և իրագործվելիք նախագծերը։ Լրատվականների ներկայացուցիչները հնարավորություն ունեցած ներկա գտնվելու «Նոա» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզմանը, ինչից հետո մասնակցեցին ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի և զարգացման տնօրեն Աննա Օհանյանի հետ հարց-պատասխան ձևաչափով զրույցին։

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ինչպես ակումբի պատրաստվածության մասին հարցերին, այնպես էլ ակումբի մարզական համալիրում տեղի ունեցած և շարունակվող ենթակառուցվածքային բարեփոխումներին։

«Մեր սպասելիքները և նպատակները սերտորեն կապակցված են ենթակառուցվածքային բարեփոխումների հետ։ Պետք է ստեղծենք լավագույն ակադեմիան։ Թիմի նպատակն այն է, որ ավելի լավ հանդես գա քան նախորդ մրցաշրջանում։

Սրա համար պետք է մրցակցություն ստեղծել նաև ներքին ասպարեզում, որպեսզի արտասահմանում թիմը անակնկալի չգա ուժեղ մրցակիցների հանդիպելիս։ Թիմը պետք է համապատասխանի այս բարձրակարգ ենթակառուցվածքներին և արդարացնի այս մեծ ներդրումները։ Ամեն տարի պետք է մեկ քայլ առաջ գնանք», – ասել է Ռուի Մոտան։

«Նոայի» մարզիչը նաև անդրադարձավ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստանի և Վրաստանի միջև սպասվող դիմակայությանը` զուգահեռներ տանելով հարևան երկրներում ֆուտբոլի զարգացվածության մակարդակների միջև։

«Այստեղ շատ աշխատելու տեղ կա, պետք է բարելավել նաև մանկապատանեկան ֆուտբոլը։ Պետք է տեսնել, թե ինչը կօգնի հայկական ֆուտբոլի առաջընթացին։

Մենք մի քանի քայլ ետ ենք Վրաստանից` ենթակառուցվածքների, խաղադաշտերի, ակադեմիաների, ներքին առաջնության մրցակցության առումով։ Այնտեղ արդյունքներն անկանխատեսելի են։ Կարող եմ ասել, որ հայ և վրացի ֆուտբոլիստների որակներն այդքան էլ տարբեր չեն։

Արդեն նշվեց թե ինչ բարելավումներ պետք է լինեն այստեղ։ Այդ ամենի շնորհիվ է, որ Վրաստանն արդեն ունի միջազգային ասպարեզում հանդես եկող շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ։

Սակայն մենք կարող ենք տեսնել, որ մեր ֆուտբոլիստները ևս բարձրակարգ են և ցանկանում են հաղթել ու նվաճումներ ունենալ։ Վրաստանի դեմ Հայաստանը կարող է մրցակցել առաջիկա երկու խաղերում», – ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։