Լա Լիգան մերժել է Մադրիդի «Ռեալի» տնօրենի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպումը հետաձգելու խնդրանքը։ «Լոս Բլանկոսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից 72 ժամ չանցած ստիպված է եղել «Դեղին սուզանավի» հետ խաղալ:
Կառլո Անչելոտտիի թիմին հաջողվեց հաղթել (2-1), սակայն մարզիչը մամուլի ասուլիսում բացահայտ հայտարարեց, որ հաջորդ անգամ «Ռեալը» կհրաժարվի խաղադաշտ դուրս գալուց, եթե խաղերի միջև 72-ժամյա ընդմիջումը չպահպանվի։
Ինչպես հայտնում է լրագրող Մարիո Կորտեյանան, ակումբի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն զանգահարել է Լա Լիգայի ղեկավարությանը և խնդրել հետաձգել հանդիպումը «Վիլյառեալի» հետ, սակայն մերժում է ստացել։
Չորեքշաբթի օրը՝ «Ատլետիկոյի» հետ դերբիից հետո, Բուտրագենյոն նույն խնդրանքով հանդես եկավ՝ մատնանշելով ֆուտբոլիստների առողջությանը լուրջ վնաս հասցնելու վտանգը, սակայն Լա Լիգան կրկին չհամոզվեց։