Մաուրիսիո Պոչետինո․ «Լավ կլիներ վերադառնալ»

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Թոթենհեմ» հնարավոր վերադարձի մասին։ Արգենտինացին «Թոթենհեմը» գլխավորել է 2014-ից 2019 թվականներին:

Ավելի ուշ մարզիչն աշխատեց ՊՍԺ-ում և «Չելսիում», բայց արդեն այդքան հաջողակ չէր, որքան լոնդոնյան հարազատ ակումբում:

«Անկեղծ ասած, երբ ես հեռացա «Թոթենհեմից», կարծում էի, որ մի օր կվերադառնամ։ Հեռանալու պահին ինձ թվում էր, թե կիսատ գործեր ունեմ, և այդ պատճառով լավ կլիներ վերադառնալ։ Իհարկե, ինձ համար սա յուրահատուկ ակումբ է։ Հիանալի կլիներ, եթե մի օր կարողանայի ամեն ինչ այլ կերպ ավարտել»,- ղեկավարի խոսքերն է մեջբերում TalkSPORT-ը։

Մաուրիսիո Պոչետինոն ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց անցյալ տարվա սեպտեմբերին՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը։