Ռուբեն Ամորիմը նշել է, թե «Մանչեսթեր Յունայթեդին» ամենաշատը որ ֆուտբոլիստն է պետք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գովեստի խոսքեր է ասել թիմի ավագ Բրունո Ֆերնանդեշի հասցեին, ով Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Արսենալի» հետ ոչ-ոքիից հետո (1։1) տուգանային հարվածից տպավորիչ գոլի հեղինակ դարձավ։

«Բրունոն միշտ իրեն է ցույց տալիս։ Երբեմն նա կարող է ցույց տալ իր հիասթափությունը, բայց կարող է դա ավելի ցավոտ ընդունել, քան որևէ մեկը։ Նա ցանկանում է հաղթել, միշտ պատրաստ է խաղալու, այն էլ տարբեր դիրքերում։ Երբ թիմը գոլի կամ գոլային փոխանցման կարիք ունի, նա միշտ օգնության կգա և լավ օրինակ կծառայի։

Յուրաքանչյուր մարզիչ ակնկալում է խաղադաշտում տեսնել լավագույն ֆուտբոլիստներին։ Բայց երբեմն պետք է հարմարվել։ Ի՞նչ ասեմ, մեզ ավելի շատ Բրունո Ֆերնանդեշ է պետք։ Դա ոչ միայն նրա բնավորությունն է, այլև նրա վերաբերմունքն ու գնդակով աշխատելու ունակությունը»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը 42 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։