«Լիվերպուլը» Դարվին Նունյեսին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բրայթոնի» 23-ամյա հարձակվող Ժոաու Պեդրոյին, ում դիտարկում են որպես հարձակվող Դարվին Նունյեսի երկարաժամկետ փոխարինող։ Այս մասին հայտնում է Empire of the Kop-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բրայթոնին» վճարել 50 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Լիվերպուլի» ղեկավարությանը դուր է գալիս Պեդրոյի՝ ոչ միայն հարձակման կենտրոնում, այլ նաև եզրերում խաղալու ունակությունը։

Այս մրցաշրջանում Պեդրոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: