Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մտադիր է ակումբում մնալ մինչև 2026 թվականի ամառ, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ բարձր հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։ Գերմանացի պաշտպանը նույնպես ցանկանում է կարիերայի մնացած հատվածն անցկացնել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, բայց միայն այն բանից հետո, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Ռեալի» հետ։
Նշվում է, որ Ռուդիգերը ցանկանում է մնալ «Ռեալի» կազմում, քանի որ ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել։ Բացի այդ, գերմանացի ֆուտբոլիստն առաջատար է հանդերձարանում և հարգված երկրպագուների կողմից։
Պաշտպանը «Արքայական» ակումբին է միացել 2022 թվականի ամռանը։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 141 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։