Ժոան Լապորտան հանդիպել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի գործակալի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջերս հանդիպել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Ըստ աղբյուրի՝ Լապորտային հետաքրքրում էր ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հնարավորությունը։ Սակայն ուկրաինացու գործակալը վստահեցրել է ֆունկցիոներին, որ Լունինը դեռ չի մտածում մադրիդյան ակումբից հեռանալու մասին։ Ավելին, «Ռեալը» չի համաձայնի իր ֆուտբոլիստին վաճառել կատալոնական ակումբին։

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում անցկացրել է ինը հանդիպում՝ չորս անգամ անառիկ պահելով սեփական դարպասը և բաց թողնելով 12 գոլ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Լունինի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալին» վճարել 40 միլիոն եվրո։