«Բարսելոնայի» սան Ալբերտ Լուկեն, ով Լուիս Ռուբիալեսի օրոք եղել է Իսպանիայի հավաքականի մարզական տնօրենը, խոսել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է Լամին Յամալին համոզելու համար ընտրել այդ երկրի ազգային հավաքականը։
Հիշեցնենք, որ Յամալը ծնվել է Իսպանիայում, սակայն նրա հայրը Մարոկկոյից է, իսկ մայրը՝ Հասարակածային Գվինեայից։
«Բավականին բարդ խնդիր էր։ Մարոկկոյի հավաքականի մարզիչը համառորեն շփվում էր Լամինե Յամալի ընտանիքի հետ, և Մարոկկոյի կառավարությունը նույնպես փորձում էր համոզել նրան։ Բայց երբ խոսեցի նրա հետ, նա ասաց. Ես ուզում եմ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Ես բոլոր կողմերից ճնշման տակ եմ, բայց ես ցանկանում եմ խաղալ Իսպանիայի կազմում։
Հոր հետ իրավիճակն ավելի բարդ էր։ Նա ինձ ասաց, որ իրեն կսպանեն Մարոկկոյում։ Ես խոսեցի որոշ բաների մասին, որոնք ավելի լավ է չասել», – Լուկեի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։
Հիշեցնենք, որ Յամալը իր առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում 16 տարեկանում՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին։