«Բարսելոնան» բանակցություններ է վարում 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ անցած փետրվարին «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է հոլանդացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և նոր աշխատանքային պայմանագրի առաջարկ փոխանցել։
Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը դե Յոնգին առաջարկում է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 18-19 միլիոն եվրո աշխատավարձով։ «Բարսելոնան» 27-ամյա կիսապաշտպանից պատասխան է սպասում առաջիկա շաբաթներին։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: