Պաու Կուբարսին դարձավ 21-րդ դարում Չեմպիոնների Լիգայում կարմիր քարտ ստացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին ՈՒԵՖԱ-ի 2024/25 թվականների Չեմպիոնների Լիգայի 16-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղում (1:0) կարմիր քարտ ստանալուց հետո դարձավ 21-րդ դարում խաղադաշտից հեռացված ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և եվրագավաթների գլխավոր մրցաշարի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ կարմիր քարտ ստանալու պահին երիտասարդ իսպանացին 18 տարեկան 42 օրական էր։ Սա առաջին հեռացումն է Կուբարսիի կարիերայում, ով 65 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում։

Չեմպիոնների Լիգայում երբևէ կարմիր քարտ ստացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը նիգերիացի պաշտպան Սելեստին Բաբայարոն է, ով 1994 թվականին «Անդերլեխտում» խաղալիս հեռացվեց խաղադաշտից 16 տարեկան 86 օրականում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Բենֆիկա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Կատալոնիայի մայրաքաղաքում։