Խուլիան Ալվարեսը հայտնել է, թե ինչու է լքել «Մանչեսթեր Սիթին»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է անցած ամառ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։

«Ես ուզում էի խաղալ ամենակարևոր հանդիպումներում։ Այդ իսկ պատճառով մտածեցի ակումբ փոխելու մասին»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում Infobae-ն։

25-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2022-ից 2024 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 103 հանդիպում, դարձել 36 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Արգենտինացին «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։