Հայտնի է, թե ինչու է Հանս-Դիտեր Ֆլիկը Ժյուլ Կունդեին դուրս թողել «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղի մեկնարկային կազմից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի աջ պաշտպան Ժյուլ Կունդեին պահեստայինների նստարանին թողնելու իր որոշման մասին։

Լա Լիգայի 24-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռայո Վալյեկանո» հանդիպումն ավարտվեց կատալոնացիների նվազագույն հաշվով հաղթանակով։ Կատալոնացիների պաշտպանության աջ եզրում բավականին անսպասելիորեն տեղ զբաղեցրեց երիտասարդ Հեկտոր Ֆորտը, այլ ոչ թե Ժյուլ Կունդեն։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Ֆլիկը պատժել է ֆրանսիացուն նախախաղային զրույցից ուշանալու համար։ Ինքը՝ մարզիչը, պատասխանելով Կունդեի մասին հարցին, մանրամասներ չի հայտնել։

«Դա ներքին որոշում է», – պատասխանել է գերմանացի մարզիչը, որի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։