«Բարսելոնան» մտադիր չէ պայմանագիր կնքել «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի հետ, եթե նույնիսկ նա չերկարաձգի պայմանագիրը մերսիսայդցիների հետ և դառնա ազատ գործակալ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ֆուտբոլիստի տարիքի պատճառով հրաժարվել է վան Դեյկի հետ պայմանագիր կնքելու մտքից։ Բացի այդ, պորտուգալացին կարծում է, որ հոլանդացի պաշտպանը չի համապատասխանում Հանս-Դիտեր Ֆլիկի խաղաոճին։
Նշվում է, որ կենտրոնական պաշտպանի դիրքի համար «բլաուգրանայի» առաջնահերթ տարբերակը «Բայերից» գերմանացի Ջոնաթան Տան է, ով ներկայումս 29 տարեկան է։
Հոլանդացի պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ակումբը նրան ձեռք է բերել 2018 թվականի ձմռանը 84,5 միլիոն եվրոյով «Սաութհեմփթոնից»։