«Լիվերպուլի» նախկին պաշտպան Դեյան Լովրենը կարծիք է հայտնել հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի մասին։
«Ես և Սալահը կապի մեջ ենք, ժամանակ առ ժամանակ շփվում ենք: Ես պետք է զգույշ լինեմ, թե ինչ եմ ասում, քանի որ շատ բաներ գիտեմ: Ես չգիտեմ ստույգ թվերը, բայց ինչ էլ որ Սալահը խնդրի, կարծում եմ, որ նա արժանի է դրան՝ խաղադաշտում իր աշխատանքով։
Ոմանք կասեն, որ նա արդեն 33 տարեկան է, բայց մի նայեք նրա տարիքին։ Ռոնալդուն դեռ խաղում է 40 տարեկանում։ Հույս ունեմ, որ Սալահի հետ հարցը կլուծվի։ Բայց հիմա նա ավելի մոտ է հեռանալուն, քան պայմանագիրը երկարաձգելուն։ Ես մեկ անգամ խոսել եմ նրա հետ և եկել այն եզրակացության, որ ակումբը բավականաչափ չի հարգում նրան։ Վերջին հինգ-վեց տարիներին նման վիճակագրություն ունեցող ֆուտբոլիստ չի եղել։
Եթե Սալահի փոխարեն Մեսսին կամ Ռոնալդուն լիներ, ամեն օր նրա պայմանագրի մասին խոսակցություններ կլսեինք։ Կարծում եմ, որ Սալահը բավարար ուշադրության չի արժանանում»,- ասել է Լովրենը Mirror-ին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։