Թուրինի «Յուվենտուսը» ծրագրում է ամռանը ուժեղացնել թիմի կազմը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենով, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում» և «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել այս ֆուտբոլիստներին, եթե հաջողվի վաճառել սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին և պաշտպան Անդրեա Կամբիասոյին։
Այս մրցաշրջանում Տոնալին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Օսիմհենի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։