Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես էր Մադրիդի «Ռեալը» ցանկանում չեղարկել իր տեղափոխությունը «Յուվենտուս»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես էր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում չեղարկել իր տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս»:

«Մենք «Յուվենտուսի» հետ բանակցությունների վերջին փուլում էինք, և Պերեսն ինձ այնքան էլ լավ չպահեց, ես դա հասկանում եմ, քանի որ նա միշտ այդպես է վարվում։ Ես այլևս չէի կարող վերադառնալ «Ռեալ», քանի որ խոսքս տվել էի «Յուվենտուսին», և նախագահը ցանկանում էր նահանջել։

Բայց ես շատ եմ գնահատում Ֆլորենտինոյին, նա լուրջ մարդ է, ընդհանուր առմամբ նա ինձ լավ էր վերաբերվում, մենք միասին շատ բան հաղթեցինք»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում La Sexta-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»։ Նրա գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։