Հենրիխ Մխիթարյան․ «Երբ մրցակիցը կարմիր քարտ ստացավ, դրանից հետո պարզ էր, որ հաղթելու ենք»

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ տուրում «Մոնակոյի» դեմ տարած հաղթանակից հետո (3:0) ամփոփել է հանդիպումը։

«Երբ մրցակիցը կարմիր քարտ ստացավ, դրանից հետո պարզ էր, որ հաղթելու ենք։ Մենք արդեն առջևում էինք 1:0 հաշվով, հետո կարմիր քարտ, հետո երկրորդ գոլ, ու այլեւս խաղ չկար։ Այսօր մենք խաղադաշտում էինք հաղթելու համար։

Մենք գիտեինք, որ ծանր հանդիպում է լինելու։ Մենք գիտեինք, որ «Մոնակոն» շատ ուժեղ թիմ է, որ նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն։ Բայց մենք գիտեինք, թե ինչպես խաղալ նրանց դեմ, ինչպես հարձակվել, ինչպես պաշտպանվել, և ի վերջո հաղթեցինք»,- ասել է Մխիթարյանը Okko-ի եթերում։

«Ինտերը» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ, իսկ «Մոնակոն» կխաղա փլեյ-օֆֆում։ Փլեյ-օֆֆի հանդիպումների վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/8, 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը կկայանա փետրվարի 21-ին Նիոնում։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է 2025 թվականի մայիսի 31-ին։