Առաջիկա «Էլ-Կլասիկոն» կարող է կայանալ Անգլիայում

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է «Էլ-Կլասիկոն» Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում Իսպանիայից դուրս գտնվող մարզադաշտում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը կարծում է, որ մինչ այդ «Կամպ Նոու» մարզադաշտի վերականգնումը չի ավարտվի, ուստի ղեկավարությունը ստիպված է այլընտրանքային վայր փնտրել։

Այսպիսով, հնարավոր տարբերակներից է անգլիական «Ուեմբլի» մարզադաշտը, որը տարողությամբ զիջում է Եվրոպայում միայն «Կամպ Նոուին» (90 հազարից ավելի հանդիսական):

Ղեկավարությունը նաև կարծում է, որ «Ուեմբլին» առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Բլաուգրանայի» երկրպագուների սրտերում, քանի որ այնտեղ կատալոնացիները հաղթեցին եվրագավաթների եզրափակիչում 1992 թվականին, ինչպես նաև հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 2011 թվականին։

Նշենք, որ Լա Լիգայի ղեկավարությունն ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում են կատալոնական ակումբի այս որոշմանը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը նախատեսված է մայիսի 11-ին։