«Փյունիկն» ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:  Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը:

Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետն ակումբիհետ նվաճել է չեմպիոնության երկու տիտղոս, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում:

Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ:

«Եղիշե Մելիքյանը մնում է»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։