Նուրի Շահինը հեռացված է «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է 36-ամյա Նուրի Շահինին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

Թուրք մասնագետը գերմանական ակումբը գլխավորում է 2024 թվականի հունիսի 14-ից։ Նրա գլխավորությամբ «Բորուսիան» անցկացրել է 27 հանդիպում, որոնցից 12-ում հաղթել է, 4 անգամ ոչ-ոքի է խաղացել և 11 խաղում պարտվել։

18 տուրից հետո «Բորուսիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում միայն տասներորդ տեղում է։ Թիմն ունի 25 միավոր։

«Իշամեղուների» հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի 25-ին, «Վերդերի» հետ։