Ժոան Լապորտա․ ««Խետաֆեի» դեմ խաղում մրցավարությունը խայտառակություն էր»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խայտառակություն է անվանել Լա Լիգայի 20-րդ տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպման (1:1) մրցավարությանը։

««Խետաֆեի» դեմ խաղում մրցավարությունը խայտառակություն էր։ Այն, որ Կունդեի դրվագում 11 մետրանոց չի նշանակվել, սկանդալ է։ Ռուդիգերի հետ նմանատիպ դրվագում սուլիչը հնչեց։ Լրատվամիջոցները պետք է ավելի հաճախ ցուցադրեն նման պահերի կրկնությունները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ հանդիպման 80-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ բախվել էին «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ու «Խետաֆեի» կիսապաշտպան Կրիսանտոս Ուչեն։ Ուչեն տուգանային հրապարակում բռնեց Կունդեին և փորձեց կանգնեցնել նրան։ Մրցավարն ու VAR-ի պաշտոնյաներն այս դրվագում կանոնների խախտում չեն տեսել։