«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, ի վերջո, կարծես թե կմնա Մյունխենում։ Վերջերս հաղորդվեց, որ «Բավարիան» 24-ամյա կանադացուն պայմանագիր է առաջարկել, որը ֆուտբոլիստին կդարձներ ակումբի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը, իսկ Դևիսը մերժել է առաջարկը։
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում էր օգտվել ստեղծված իրավիճակից և ծրագրում էր ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով հաջորդ ամառ։ Սակայն ըստ The Athletic-ի, Դևիսը դեռ կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Կողմերն այժմ մոտ են 4 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության գալուն։
Ավելի վաղ մյունխենցիների մարզական տնօրեն Մաքս Էբերլը, ով զբաղվում է ակումբի տրանսֆերներով, նշել էր, որ համբերությունն իր որակներից չէ։ Միաժամանակ Էբերլն ասել է, որ Դևիսի հետ բանակցությունները լավ են ընթանում։
Այս մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։