Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 25-ամյա կենտրոնական հարձակվող Օմար Մարմուշը մեկ քայլ է հեռու անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Աղբյուրի համաձայն, ուղիղ պաշտոնական բանակցություններ են տեղի ունեցել Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Այնտրախտ» – «Սանկտ Պաուլի» խաղի (1:0) ավարտից անմիջապես հետո, որում հաղթական գոլը խփել է Մարմուշը։
«Քաղաքայինները» լավատես են և հույս ունեն, որ գործարքը կավարտվի մոտ ապագայում։ Նշվում է, որ բանակցությունների ավարտը նախատեսվում է հաջորդ շաբաթ։
Նախկինում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մարմուշին դիտարկում է որպես հարձակվող Խուլիան Ալվարեսի իդեալական փոխարինող, ով անցյալ ամառ տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։