«Չելսիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաո Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ աշխարհի առաջնությունում հաղթելու երազանքի մասին։
«Նա աշխարհի առաջնությունում հաղթելու երազանք ունի, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ նրան այս մրցանակը շնորհելու համար։ Կարծում եմ՝ դա միակ բանն է, որ նրան պակասում է»,- Ֆելիշսի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի սովորական ձևաչափը կփոխվի. ազգային հավաքականները կբաժանվեն 12 խմբերի՝ չորս թիմերով, որտեղ յուրաքանչյուր թիմ խմբային փուլում կանցկացնի երեքական հանդիպում։
Փլեյ-օֆֆ փուլ դուրս կգան յուրաքանչյուր խմբի լավագույն երկու թիմերը և երրորդ տեղը զբաղեցրած ութ լավագույն թիմերը:
Հանդիպումների հիմնական մասը տեղի կունենա ԱՄՆ-ում, որտեղ կանցկացվեն 80 խաղերից 60-ը՝ ներառյալ բոլոր փուլերը՝ քառորդ եզրափակիչից սկսած: Կանադան և Մեքսիկան կհյուրընկալեն 10-ական հանդիպում: