Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի սպասելիքներով, որում իր թիմը կխաղա «Բարսելոնայի» հետ։
«Մենք անհամբեր սպասում ենք այս խաղին: Մեր նպատակն է փորձել անել այն ամենը, ինչ կախված է մեզանից։ Ակնհայտ է, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում մեծ մրցակցի դեմ։
Մրցաշրջանի առաջին հատվածում Բարսելոնան անհավանական նշաձող սահմանեց, նրանց անհնար էր դիմակայել, սակայն վերջին մեկուկես ամսում նրանք չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի։ Բայց կարևոր է նշել, որ նրանք շարունակում են տիրել խաղադաշտում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Ատլետիկն» ու «Բարսելոնան» կխաղան այսօր՝ հունվարի 8-ին, Սաուդյան Արաբիայում։