Լիսանդրո Մարտինեսը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (2:2):

Արգենտինացին հանդիպման հաշիվը բացեց 52-րդ րոպեին, սակայն արդեն 59-ին դաշտի տերերը հակադարձեցին Կոդի Գակպոյի ջանքերով, իսկ 70-ին առաջ անցան Մոհամեդ Սալահի իրացրած 11 մետրանոցից հետո։

Ռուբեն Ամորիմի թիմը 80-րդ րոպեին Ամադ Դիալոյի գոլի շնորհիվ ոչ-ոքիի հասավ, բայց կարող էր հաղթել, եթե Հարի Մագուայրը բաց չթողներ գոլային հստակ հնարավորությունը:

«Այսօր մենք բնավորություն ցույց տվեցինք և մինչև վերջ հավատացինք։ Մենք պետք է հաղթեինք այս խաղում։ Չստացվեց, բայց ամեն ինչ արեցինք։ Դուք պետք է օգտվեք դրական պահերից։ Այսօր մենք բոլորովին այլ թիմ էինք, քան մի քանի շաբաթ առաջ և իսկապես լավ խաղացինք»,- ասել է Մարտինեսը BBC-ին: