Սաուդյան Արաբիայի ակումբները ցանկանում են պայմանագիր կնքել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյի հետ, ով գրանցված չէ 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածի համար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Ռուդի Գալետին։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբները ուսումնասիրում են իսպանացու ժամանակավոր տեղափոխության հնարավորությունը, ինչպես նաև պատրաստ են մշտական հիմունքներով պայմանագիր առաջարկել Եվրոպայի չեմպիոնին։
Նշվում է, որ անցած ամառ «Ալ-Նասրը» արդեն դիտարկում էր ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Դանի Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ «Լայպցիգից»: «Բլաուգրանաները» կարողացան գրանցել Օլմոյին մինչև 2024 թվականի վերջը, ինչպես նաև Պաու Վիկտորին, ով ակումբ էր տեղափոխվել «Ժիրոնայից»:
Ընդամենը վեց ամսվա ընթացքում Օլմոն բոլոր մրցաշարերում 15 հանդիպում է անցկացրել «Բլաուգրանայի» կազմում, որոնցում խփել է վեց գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։