Մանուել Նոյերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ գործարքի բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են, և երկու կողմերն էլ պատրաստ են ստորագրել։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի երկարաձգման մասին։

38-ամյա ֆուտբոլիստը մտադիր է շարունակել կարիերան և դրա համար շատ մոտիվացված է։ Նրա վերադարձը խաղադաշտ Գերմանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում (0։1) ստացած կողոսկրի վնասվածքից հետո նախատեսված է հունվարին։

Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 540 հանդիպման, որից 256-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։