Վարազդատ Հարոյան. «Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն»

Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա – Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները.

«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է։ Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը։

Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»։