Ջեյմի Կարագեր․ ««Թոթենհեմի» երկրպագուների արարքը չափազանց տգեղ էր»

Ջեյմի Կարագերը «Թոթենհեմի» մարզադաշտում քննադատել է ստյուարդներին։

Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց «Չելսիին»։

Խաղի ընթացքում տանտերերի երկրպագուները աղբ են նետել Քոուլ Պալմերի և Էնցո Ֆերնանդեսի վրա: Երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված են եղել հետաձգել անկյունայինների իրացումը, քանի որ առաջին խաղակեսում ստվարաթղթե կտորներ էին նետվում նրանց ճանապարհին:

Ստյուարդները փորձել են հանգստացնել երկրպագուներին և մտել խաղադաշտ՝ մաքրելու բեկորները: Իրավիճակը վատթարացել է առաջին խաղակեսի վերջում։ Խաղը որոշ ժամանակով ընդհատվել է, քանի որ երկրպագուները շարունակում էին առարկաներ նետել:

«Որտե՞ղ էին ստյուարդները։ Պետք չէ կանգնել և նայել, միջամտել է պետք։ Ի՞նչ են անում «Թոթենհեմի» ստյուարդները։ «Թոթենհեմի» երկրպագուների արարքը չափազանց տգեղ էր։ Նրանցից երեքը կանգնած են Քոուլ Պալմերի հետևում և միայն նայում են նրան»,- ասել է «Լիվերպուլի» նախկին պաշտպանը Sky Sports-ի եթերում: