«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի թուրքական ակումբ։
«Կրիշտիանու Ռոնալդուն չի գա այստեղ։ Առաջին պատճառն այն է, որ ես ունեմ երեք շատ լավ կենտրոնական հարձակվող և ինձ հարձակվող պետք չէ։ Կրիշտիանուն միշտ Կրիշտիանու է, բայց նա ինձ պետք չէ, քանի որ ես գոհ եմ իմ հարձակվողներից։ Նա փող ունի, որը վաստակում է Սաուդյան Արաբիայում, և նպատակը 1000 գլուխն է։ Ի՞նչը կարող է նրան դրդել Թուրքիա տեղափոխվել, բացի Ստամբուլի գեղեցկությունից։
Ինձ այնքան էլ դուր չի գալիս ձմեռային տրանսֆերային շրջանը, քանի որ ֆուտբոլիստին, ով գալիս է, որոշակի ժամանակ է պահանջում։ Ես երբեք չեմ հրաժարվում տրանսֆերից, բայց չեմ թակում ղեկավարության դուռը և չեմ ասում, որ տեղափոխություն եմ ուզում։ Ես պարզապես ցանկանում եմ հաղթել»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Fotospor-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մոուրինյոն անձամբ է զանգահարել Ռոնալդուին՝ նրան «Ֆեներբախչե» հրավիրելու համար։