Պեպ Գվարդիոլան բացատրել է իր ժեստը «Լիվերպուլի» դեմ խաղում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» հետ խաղում (0:2) «Էնֆիլդ» մարզադաշտի տրիբունաներին ցույց տված ժեստի մասին։

Հիշեցնենք, որ խաղի ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուները վանկարկում էին. «Առավոտյան քեզ կհեռացնեն աշխատանքից»։ Գվարդիոլան ի պատասխան ցույց տվեց վեց մատ։

«Այս ժեստը պարզապես արվել է, որպեսզի մեր երկրպագուները զգան, որ այն, ինչ մենք արել ենք, արտասովոր է։ Մենք ցանկանում ենք ապացուցել, որ անհավանական ֆուտբոլային ակումբ ենք։ Վաղ թե ուշ «Մանչեսթեր Սիթիի» հաջողությունը կավարտվի, բայց ես կփորձեմ երկարացնել այն որքան հնարավոր է երկար, որպեսզի իմ ակումբը լինի լավագույնը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Պեպ Գվարդիոլայի սաները 13 խաղում վաստակել են 23 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» 13 խաղից 34 միավորով առաջին տեղում է։