Հայտնի է, թե որքան հանդիպում բաց կթողնի Հարի Քեյնը վնասվածքի պատճառով

«Բավարիան» մանրամասներ է ներկայացրել թիմի հարձակվող Հարի Քեյնի վնասվածքի մասին։

Բունդեսլիգայի 12-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ երեկ կայացած հանդիպման (1։1) առաջին խաղակեսում անգլիացի հարձակվողը փոխարինվել է վնասվածքի պատճառով։

Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, 31-ամյա Քեյնի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանների թեթև լարվածություն։ «Բավարիան» չի հայտարարել Քեյնի վերականգնման ժամկետի մասին։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, ֆուտբոլիստը առնվազն բաց կթողնի Գերմանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի՝ դեկտեմբերի 3-ին կայանալիք «Բայերի» դեմ հանդիպումը։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը թիմի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։