Խվիչա Կվարացխելիան անդրադարձել է Վրաստանում տիրող անկարգություններին

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան արձագանքել է իր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ օրեր շարունակ անկարգություններն ու ցույցերը շարունակվում են երկրի եվրաինտեգրման խնդրի ֆոնին։

«Բարև Ձեզ, ես հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ուզում եմ իմ կարծիքն ու դիրքորոշումը հայտնել որպես քաղաքացի։ Եվրոպական ճանապարհներով գնալու վրաց ժողովրդի ցանկությունն ու կամքը մեր պատմական ընտրությունն է, միակ ճիշտ ընտրությունը, և այս ճանապարհից երես թեքվելն անընդունելի է։ Այս երկիրը պատկանում է ժողովրդին, և ոչ ոք վեր չէ ժողովրդի կամքից։

Դուք ցավ եք պատճառում ձեր երկրին, ցավ՝ ձեր ժողովրդին, ինձ համար ցավալի և զգացմունքային է դիտել բոլոր տեսակի տեսանյութերը, որոնք վիրուսային են դառնում, դադարեցրեք բռնությունն ու ագրեսիան։ Վրաստանն այսօր արժանի է Եվրոպային ավելի քան երբևէ», – գրել է Խվիչան սոցցանցերի իր էջում։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է հինգշաբթի այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։