Էրլինգ Հոլանդը այս ցուցանիշով շրջանցեց մի շարք աստղային ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է իր արագ առաջընթացը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի գլխավոր թեկնածուներից մեկը:

24-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Չեմպիոնների լիգայում նորվեգացին արդեն 46 գոլ է խփել՝ այս ցուցանիշով գերազանցել է «Չելսիի» հայտնի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային։

Միևնույն ժամանակ, կոտդիվուարցին անցկացրել է 92 հանդիպում, իսկ «Սիթիի» ներկայիս աստղը՝ ընդամենը 44: Բացի այդ, Հոլանդը հասավ լեգենդար Էյսեբիոյին, ով խաղում էր «Բենֆիկայի» կազմում, ինչպես նաև «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիին։

Այս ցանկում նա կարող է շուտով շրջանցել Զլատան Իբրահիմովիչին և Անդրեյ Շևչենկոյին՝ նրանք 48-ական գոլ են խփել՝ համապատասխանաբար 124 և 100 խաղ անցկացնելով: