ՊՍԺ-ն Լամին Յամալի համար «Բարսելոնային» առաջարկել է 250 միլիոն եվրո

Անցած ամառ ֆրանսիական ՊՍԺ-ն 250 միլիոն եվրո էր առաջարկել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի համար: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը՝ հղում անելով կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խոսքերին։

«Մենք երբեք չենք քննարկել այս առաջարկը։ Արդյո՞ք Յամալը Մբապպեին իդեալական փոխարինող է: Դե, երբ փող ունես ու ծախսելու հնարավորություն, կարող ես փորձել գնել ցանկացածին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը 17-ամյա իսպանացու արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։