Էմերիկ Լապորտը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն խանգարող հանգամանքներ կան

«Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը պատրաստ է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

30-ամյա ֆուտբոլիստը համարվում է «Լոս Բլանկոսի» առաջնահերթ թիրախը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իսպանացին կօգնի թիմին լուծել կադրային խնդիրները պաշտպանությունում։ Ինչպես հաղորդում է Relevo-ն, Լապորտը շատ է ոգևորված «Ռեալ» տեղափոխվելու հեռանկարով:

Ֆուտբոլիստը ցանկանում է, որ գործարքը կայանա, բայց դա դժվար կլինի իրականացնել։ Մադրիդյան հսկան պետք է կենտրոնական պաշտպանին վճարի իր ներկայիս աշխատավարձը, որը կազմում է տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո, նման սցենարը գործնականում բացառված է:

Որպեսզի տրանսֆերը կայանա, Լապորտը պետք է գնա զիջումների ու հրաժարվի իր աշխատավարձի մի մասից։ Անհասկանալի է՝ պատրա՞ստ է արդյոք Եվրոպայի չեմպիոնը նման զոհողությունների։