Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձմռանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածքի պատճառով 25-րդ րոպեին լքել է խաղադաշտը Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում (2։0)։

Վնասվածքի բնույթն այս պահին հայտնի չէ, սակայն «Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ ֆուտբոլիստն անհասանելի կլինի Անգլիայի հավաքականում խաղալու համար։

Նշենք, որ անգլիացի պաշտպանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», որը վաղուց հույս ուներ Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2025 թվականին։ Այս պահին իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ մադրիդյան թիմում մեծ թվով վնասվածքների պատճառով «Ռեալը» պատրաստ է գնել «Լիվերպուլի» սանին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անգլիական թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։