«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խորհուրդ է տվել ակումբին պայմանագիր կնքել Սերխիո Ռամոսի հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին ակումբի ղեկավարությանը կոչ է արել պայմանագիր կնքել թիմի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի հետ՝ պաշտպանական գծում ֆուտբոլիստների մի շարք վնասվածքների պատճառով։

«Նայեք Անչելոտտիի անհանգստացած դեմքին։ Միլիտաոն շատ կարևոր ֆուտբոլիստ է, ով նոր էր ապաքինվել անցած տարվա ստացած վնասվածքից։ Նա վերադառնում էր իր լավագույն մարզավիճակին, սակայն ծանր դրության մեջ թողեց թիմին։ Կարվախալը և Ալաբան նույնպես վնասվածքներ ունեն։

Պետք է դուրս գալ տրանսֆերային շուկա։ Սերխիո Ռամոսը առանց ակումբ է մնացել։ Նա և՛ աջ, և՛ կենտրոնական պաշտպան է։ Այս իրավիճակում նա առաջին ընտրությունն է։ Մարդ, ով եղել է թիմում, ով խաղացել է նախորդ մրցաշրջանում»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

38-ամյա Ռամոսը «Սևիլիայի» հետ պայմանագրի ավարտից հետո անցած ամառից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։