Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի «Բեշիքթաշ» – «Մաքաբի Թել Ավիվ» հանդիպումը թուրքական իշխանությունների պահանջով կկայանա չեզոք խաղադաշտում։
«Մեր ակումբի և ՈՒԵՖԱ-ի միջև բանակցությունները շարունակվում են չեզոք երկրի վերաբերյալ: «Բեշիքթաշը», որպես 121 տարվա պատմություն ունեցող ակումբ, որը երբեք չի խուսափել որևէ մարզական մրցումներից, այս հանդիպմանը կմոտենա նույն վճռականությամբ և մարզական ոգով, անկախ նրանից, թե որտեղ և ինչ պայմաններում է այն անցկացվելու»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ակումբների հանդիպումը պետք է կայանար Ստամբուլում, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները, վախենալով սադրանքներից, պահանջել են չեզոք վայր ընտրել հանդիպման համար։